Առաքելոց վանքի կռիվ (կարճ նկարագրում)

surp-arakelots-vank-mus-f

1901 թ. հայդուկային կռիվների շարժում թերեւս ամենաարժանահիշատակը Առաքելոց վանքի կռիվն էր: Այս կռվի գաղափարն առաջ էր քաշել Մշո դաշնակցական կազմակերպության ղեկավարներից Կոտոյի Հաջին (Հակոբ Կոտոյանը):

Թուրք հարստահարիչներին սաստելու նպատակով նա առաջարկում էր ցուցադրական կռիվ մղել: Կռիվը կարող էր միաժամանակ եւրոպական պետությունների ուշադրությունը հրավիրել արեւմտահայության ցանր վիճակի վրա: Հայդուկային հաջող կռիվը նաեւ մեծապես կազդեր ժողովրդի ոգեւորության բարձրացմանը: Նոյեմբերի սկզբին Անդրանիկի եւ Գեւորգ Չաուշի գլխավորությամբ Առաքելոց վանք են գալիս 25-հոգանոց հայդուկների մի խումբ: Շուտով խումբը համալրվում է: Մուշից ռազմամթերք է բերում Կոտոյի Հաջին: Հայդուկների իր խումբն է բերում նաեւ Սեբաստացի Մուրադը: Վանքում հավաքվում է մոտ 40 հայդուկ եւ 20 գյուղացի: Այստեղ կային նաեւ մի քանի հոգեւորականներ եւ մոտ 50 որբ երեխա: Իշխանությունները տեղեկանալով Առաքելոց վանքում հայդուկների հավաքվելու մասին, անմիջապես զորքով, Ֆերիք Մուհամեդ Ալի փաշայի հրամանատարությամբ, շրջապատում է վանքը: Հայդուկները հաջողությամբ ետ են մղում զորքի հարձակումները: Զորքի մի քանի անհաջող հարձակումներից հետո կառավարությունը Մշո հոգևոր առաջնորդ Խոսրով վարդապետի եւ Առաքելոց վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի միջնորդությամբ կռվի 11-րդ օրը բանակցություններ է առաջարկում` նույնիսկ պատրաստ լինելով որոշ զիջումների:

Կռիվը դադարեցնելու համար հայդուկներն առաջադրում են մի քանի պայմաններ. ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել Սասունի եւ Մուշի գյուղերը ավերողներին եւ հատուցում տալ, բարելավել հարկահանության վիճակը:

Կառավարությունը չի ընդունում հայդուկների առաջարկած պայմանները, եւ փորձում է խաբեությամբ ձերբակալել կամ կոտորել նրանց: Կռվի 21-րդ գիշերը հայդուկները  ձյան եւ բուքի պայմաններում կարողանում են աննկատ դուրս գալ վանքից ու հեռանալ լեռները: Առավոտյան Ֆերիք Մուհամեդ Ալի փաշան բաց տեսնելով վանքի դռները, ներս է վազում այնտեղ: Սակայն ի զարմանս իրեն վանքում միայն որբեր եւ հոգեւորականներ էին: Ամոթահար թուրք զորահրամանատարը չի թաքցնում իր հիացմունքը հայդուկների հանդգնության եւ ճարպկության հանդեպ:

Առաքելոց վանքի կռվի ժամանակ հայդուկները տվեցին ընդամենը երկու զոհ: Թուրքերից սպանվել էին յոթ զինվորական, սակայն վերջիններիս մեջ կային նաեւ բազմաթիվ ցրտահարվածներ: Առաքելոց վանքիկքվի արձագանքները բավականին մեծ եղան: Նախ կրկին բարձրացավ ժողովրդի բարոյական ոգին, իշխանությունները փորձեցին ավելի զգուշավոր լինել:

1902-1903 թվականները հայդուկային կռիվների առումով համեմատաբար հանդար են անցել: Հիմնականում Հրայրի ջանքերով հաջողվել է զերծ մնալ ընդհարումներից: Միաժամանակ հնարավորություն է ընձեռվել ժողովրդին փոքրիշատե հանգսատանալու: Իսկ ազտագրական շարժման ղեկավարները այդ հանգիստ շրջանն օգտագործել են ինքնապաշտպանությունը ավելի լավ կազմակերպելու համար:

1904թ. սկզբին Օսմանյան կայսրությունը կրկին ծանրացրեց արեւմտահայության եւ հատկապես տարոնահայության վիճակը: Մի կողմից իշխանությունները չէին ուզում հանդուրժել հայերի կազմակերպվածությունը, մյուս կողմից տարոնահայությունը իրեն արդեն երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո վստահ էր զգում զինված ապստամբություն սկսելու համար: Սակայն ազատագրական պայքարի ղեկավարների մոտ, հատկապես Հրայրի, այն կարծիքն էր, որ ապստամբությունը դեռ վաղաժամ է, եւ պետք է շարունակել նախապատրաստվելը:

This entry was posted in Պատմություն, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment